Հաղթանակի օրն Արցախում…Վաղ առավոտից Ստեփանակերտի քաղաքային այգում նվագախումբը կատարում էր Հայրենական պատերազմի տարիների երգեր՝ կարծես ժամանակը ետ էր գնացել և ոչ թե 2013 թվականն է, այլ 1945թ., թեև այդ երգերը հաղթանակի այդ տարում դեռ չկային: Սակայն բոլորի դեմքերին հպարտություն էր և ուրախություն, որովհետև թշնամին ջախջախված է, կարևոր չէ, թե ով է նա: Կարևորն այն է, որ թնշամու ոտքը այլևս չի մտնի այս հողը:
Նախագահի նստավայրից, ինչպես միշտ, արարողության մասնակիցները ոտքով հասան մինչև Զոհվածների հուշարձանը: Սա արդեն ավանդույթ է: Թափորը գլխավորում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտասահմանցի հյուրեր, որոնց թիվը ամեն տարի աճում է: Հյուրեր ոչ միայն ԱՊՀ-ից, այլ նաև Եվրոպայից ու ԱՄՆ-ից: Հուշարձանից հետո հաջորդ հանգրվանը այն տանկի մոտ է, որն առաջինն է ներխուժել Շուշի: Սակայն օրվա գլխավոր իրադարձությունն, անշուշտ, Շուշիում էր՝ պատկերասրահի բացումը: Ըստ ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգոր Գաբրիելայնի, Շուշիի պատկերասրահը հենց այն է, ինչ պետք էր քաղաքին, որն աստիճանաբար վերածնունդ է ապրում: Անցյալ տարի այստեղ կայացավ քանդակագործների բիենալեն՝ վարպետների գործերը դեռ նոր թանգարանի բակում են տեղադրված, սակայն շուտով դրանք էլ իրենց պատշաճ տեղը կգտնեն: Պատերին հայ նկարիչների աշխատանքներն են՝ բարերարների նվիրատվությունները:
Շուշին աստիճանաբար վերականգնվում է, ճիշտ է հին քաղաքը գրեթե չկա՝ խորհրդային իշխանությունների, իսկ ավելի ճիշտ, ադրբեջանական կառավարման 70 տարիները գրեթե ոչնչացրել են պատմական Շուշին: Սակայն, այնուամենայնիվ, ամեն տարվա հետ քաղաքը ավելի մաքուր է դառնում, ավելի հարմարավետ բնակության համար: Իսկ գլխավորն այն է, որ այստեղից ոչ ոք չի ցանկանում հեռանալ, և ո՞ւր գնալ: Բոլոր նրանք, ում հետ մենք զրուցեցինք, նույն բանն էին ասում. մենք որ գնանք, բա մեր հող ո՞վ պետք է պաշտպանի: Եվ սա այն դեպքում, երբ Ղարաբաղում դեռ սուղ է աշխատատեղերի հարցը:

Ամենուր մեզ դիմավորում էին երեխաները՝ սկաուտներ, դպրոցականներ: Նայելով այդ դեմքերին, հավատում ես, որ Արցախի ապագան հուսալի ձեռքերում է: Այդ երեխաների համար միևնույն է, թե ինչ է մտածում աշխահը, նրանք ապրում են իրենց հողի վրա:
Մայիսի 9-ին, ինչպես միշտ, Արցախում անձրևում է: Հնամենի բերդաքաղաքը պարուրված է մառախուղով, որը ցրվում է կեսօրին մոտ: Սակայն տոնակատարությունը ոչինչ չի կարող խանգարել:






