AM
16 Դեկտեմբեր 2005 - 12:25 AMT

Ա.Կասպրշիկ. 2005 թվականին սպանվածների եւ վիրավորների թիվը ղարաբաղյան հակամարտության գոտում աճել է

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-ին ափսոսանք է հայտնել հակամարտությունում սպանվածների եւ վիրավորների թվի ավելացման կապակցությամբ: Նրա խոսքերով, հրադարարի խախտման մի շարք փաստեր կապված էին զինծառայողների «վախի» գործոնի հետ, որոնց սխալների պատճառով էլ խախտվել էր զինադադարը հայ-ադրբեջանակն զինված ուժերի շփման գոտում: «Ընթացիկ տարում երկու կողմից սպանվածների եւ վիրավորների թիվը աճել է: Եվ դա ցավալի է: Սակայն փաստը մնում է փաստ», -Բաքվում հայտարարել է Անջեյ Կասպրշիկը` նշելով, թե «հակամարտության գոտում իրավիճակի մասին տվյալները ստացվում են անմիջականորեն դաշտային հրամանատարներից»: Նա նաեւ հայտնել է, որ շփման գոտում հաջորդ մոնիտորինգը իրականացվելու է 2006 թվականի հունվարին. – «Ներկայումս ես զբաղվում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցով տարածաշրջան: Հետո ես կվերադառնամ Բրյուսել, քանի որ եկող տարվանից ԵԱՀԿ-ում նախագահելու է Բելգիան, եւ ես պետք է մի քանի հանդիպումներ ունենամ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ», – նշել է Ա.Կասպրշիկը եւ ավելացրել, որ, ըստ պայմանավորվածության, մոնիտորինգը պետք է իրականացվի երկու ամիսը մեկ անգամ: