Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը ոչ ֆորմալ իրավիճակում պատմեցին լրագրողներին ուրբաթ օրը կայացած բանակցությունների մասին: Բանակցություններից հետո, որոնք շարունակվում էին հինգ ժամ, նրանք դուրս եկան մամլո կենտրոնում հավաքված լրագրողների մոտ: Մամուլի ներկայացուցիչներին առավելապես հետաքրքրում էր էներգետիկ համագործակցությունը, ընդ որում ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաեւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ: Պուտինը պատասխանեց, որ «մեր համագործակցությունը (Հայաստանի հետ) էներգետիկ ոլորտում կոռեկտ է, համապատասխանում է միջպետական հարաբերությունների ոգուն»: Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայում հազար խորանարդ մետր գազի գինը հասնում է հազար դոլարի, այն դեպքում, երբ Ռուսաստանը 2006 թվականի հունվարի 1-ից իր արեւմտաեվրոպական գործընկերներին եթերային ածխաջրածիններ կառաքի ընդամենը 250 դոլարով` հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ կապակցությամբ Պուտինը նշել է, որ, իր կարծիքով, ԱՊՀ ապագան կախված է գազի առաքումներից:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ գների հարցը գտնվում է տնտեսվարող սուբյեկտների իրավասության շրջանակներում: «ԱՊՀ ապագան կախված է գազի առաքումներից, սակայն կախված չէ գնից»,-ընդգծել է ՌԴ նախագահը: «Տնտեսվարող սուբյեկտները բանակցում են` կան պայմանավորվածություններ, թղթեր, պայմանագրեր, այս ամենը ընթացքի մեջ է»,-ավելացրել է նա: «Այս խնդիրը քննարկում են տնտեսվարող սուբյեկտները,-նշել է Պուտինը:-Մենք համագործակցում ենք քաղաքական, հումանիտար, ռազմատեխնիկական ոլորտներում: Տնտեսության ոլորտում մենք շատ կապեր ունենք, էներգետիկայից բացի: Մենք անդրադարձել ենք բոլոր կարեւորագույն հարցերին»: Իր հերթին, Քոչարյանը պատմել է, որ անցյալ տարին «հետաքրքիր էր եւ հիշարժան»: «Իրագործվել են խոշոր նախագծեր,-ասել է նա:-Խոշոր ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ես համարում եմ կայացած»: Պատասխանելով լրագրողների հարցերին` Պուտինն ասել է, որ երկու պետությունների ղեկավարները «չեն շոշափել Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» թեմային: Դուք հավանաբար ծանոթ եք հեղափոխության տեսությանը, երբ վերեւները չեն կարող, իսկ ներքեւները չեն ցանկանում,-նկատել է Պուտինը:-Մեզ մոտ նման բան չկա», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






