AM
17 Դեկտեմբեր 2005 - 10:54 AMT

Օրհան Փամուկի դատավարությունը հետաձգվել է մինչեւ 2006 թվականի փետրվարի 7

Նախօրեին Ստամբուլի Շիշլիի շրջանի 1-ին ատյանի դատարանը որոշում է կայացրել թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը հետաձգելու մասին: Դատարանի այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Փամուկի գործը ուղղվել է Թուրքիայի արդարադատություն նախարարություն: Դատարանի նախագահը հայտարարեց, որ գրողի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2006 թվականի փետրվարի 7-ին: Ըստ թուրքական աղբյուրների, դատարանի որոշումը հարուցել է դատարանի շենքի առջեւ հավաքված ամբոխի դժգոհությունը, որը բողոքում էր եվրոպացի խորհրդարանականների կողմից Օ.Փամուկին ցուցաբերվող աջակցության դեմ: Ոմանք նույնիսկ սկսել են ձվեր նետել Թուրքիա ժամանած եվրոպացի խորհրդարանականների պատվիրակության վրա: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկին մեղադրում են «թուրք ժողովրդի եւ Թուրքական Հանրապետության նսեմացման համար»: Գրողի դեմ քրեական գործի հարուցման պատճառ է հանդիսացել Փամուկի հարցազրույցը շվեյցարական թերթին, որտեղ նա հայտարարել է, թե 20-րդ դարի սկզբին Թուրքիայում սպանվել է շուրջ 30 հազար քուրդ եւ 1 մլն հայ: