AM
19 Դեկտեմբեր 2005 - 09:12 AMT

60 կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտին ճնշում գործադրել Անկարայի վրա հայկական հարցի կապակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի շուրջ 60 անդամներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում ԱՄՆ-ին կոչ է արվում դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան վերջ տա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությանը, վերացնի Հայաստանի շրջափակումը եւ դադարեցնի Կիպրոսի օկուպացումը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Ուրախ ենք Թուրքիայի վրա կոնգրեսականների աճող ճնշման կապակցությամբ, որոնք պահանջում են, որ այդ երկիրը վերջ տա Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի նկատմամբ իր թշնամական դիրքորոշմանը եւ գործողություններին, եւ կշարունակենք մեր աշխատանքը` ապահովելու, որպեսզի այդ հարցերը մնան ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների առաջին պլանում` մինչեւ դրանք ստանան արդարացի եւ տեւական լուծում»,- հայտարարել է ԱՀԴՀ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Թուրքիան կարող է դառնալ համաշխարհային հանրության լիիրավ անդամ միայն այն դեպքում, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նամակում ասված է նաեւ, որ չնայած Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դատապարտումներին` Թուրքիան, ոտնահարելով միջազգային իրավունքը, արդեն տասներկու տարի շարունակում է շրջափակման ենթարկել Հայաստանը: Նշված է, որ «այդ քաղաքականությունը հակասում է Եվրամիության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերին, որը ցանկանում է օգնել Հարավային Կովկասի երկրներին «մնալ անկախ եւ դառնալ Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկերներ»,-ասվում է նամակում: