Մայիսի 15-ին Հայաստանի մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:
Հայաստանի ընտրանին ընգրկված է 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հավաքական են հրավիրվել դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը, մարզահրապարակի խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը, Լորենա Կորկոտյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվել մրցաշարին: Նոյեմբերից այն կանոնավոր պարապմունքներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնել են, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող երեք խաղացողներ:






