AM
20 Դեկտեմբեր 2005 - 12:48 AMT

Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար. Քոչարյան-Ալիեւ հանդիպման համար լուրջ հիմքեր են հարկավոր

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նախօրեին հայտարարել է, թե Ադրբեջանը լրջորեն ուսումնասիրում է 2006 թվականի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը: «Հնարավոր է, որ նախագահների հանդիպման նախօրեին կայանան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, սակայն առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետի կամ վայրի մասին», – նշել է նա: «Նախագահների հանդիպումը չպետք է ձեւական բնույթ կրի, պետությունների ղեկավարների բանակցությունների համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր եւ օրակարգ», – ավելացրել է Ա.Ազիմովը: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունը, Արազ Ազիմովը կարծիք հայտնելով, թե ղարաբաղյան հակամարտությունը 2006 թվականին կարգավորելու հնարավորություններ կան, եւ կողմերը պետք է օգտվեն դրանցից, հայտարարել է- «Ադրբեջանը կարող է հաշվի առնել հայկական կողմի որոշ մտահոգությունները ու պատրաստ է դրանք քննարկել` պայմանով, որ Երեւանը նույնպես ցուցաբերի նման կառուցողական մոտեցում»: