ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից դրական է գնահատում անցնող 2005 թվականը: «Այս տարի արձանագրվել են որոշակի դրական պահեր, հատկապես` կապված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդյունավետ հանդիպումների հետ Վարշավայում եւ Կազանում: Կարեւոր է, որ կողմերը սկսել են հարցին մոտենալ` հաշվի առնելով միմյանց դիրքորոշումն ու շահերը: Նվազել է պահանջների մակարդակը», – հայտարարել է Յուրի Մերզլյակովը: «Մինսկի խմբի համանախագահները համարում են, որ 2006 թվականը լավ հնարավորություններ է ընձեռում հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց արձանագրելու համար», -հայտարարեց Մերզլյակովը` չբացառելով, որ «գործընթացը կարող է կրկին փակուղի մտնել»: Ինչ վերաբերում է կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, ապա «այն կարելի է սպասել 2006 թվականին», թեեւ ռուսաստանցի դիվանագետը նորից ընդգծեց, որ «մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ կողմերը համաձայնության չեն եկել»: «Մինսկի խմբի նոր առաջարկներին Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում արդեն ծանոթացել են, թեեւ որոշ հարցեր դեռ մնացել են: Կա ինը կետ, որի շուրջ ադրբեջանական կողմը համաձայնության դեռ չի եկել», – նշել էՅուրի Մերզլյակովը: Նրա կարծիքով, Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ 2006-ի փետվարի սկզբին, սակայն դեռեւս վաղ է խոսել, թե եվրոպական որ քաղաքում այն կանցնի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






