AM
21 Դեկտեմբեր 2005 - 10:17 AMT

Միջազգային ճգնաժամային խումբ. Երեւանն ու Բաքուն հեռու չեն ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ համաձայնագիր կնքելուց

Ադրբեջանն ու Հայաստանը հեռու չեն ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ համաձայնագիր կնքելուց, սակայն կողմերրը պետք է մի քանի լուրջ քայլեր կատարեն փոխզիջումները պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցի արդյունքները: «2006 թվականին տեսանելի կդառնա, կկարողանան կողմերը հասնել դրան, թե ոչ»,-ասել է Ս.Ֆրեյզերը` ընդգծելով, որ հակառակ դեպքում կկորցնենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերջին շանսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ակնհայտորեն ցույց տվեց, որ բանակցային գործընթացի բարձր տեմպերը պահպանվում են: Այցի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները մանրակրկիտ աշխատանք են տարել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հունվարյան հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ: Հույս կա, որ նախագահների հանդիպումը տեղի կունենան Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումից հետո: «Հաշվի առնելով այն փաստը, որ պետությունների ղեկավարները չեն հանդիպել 2005 թվականի օգոստոսից ի վեր, առաջիկա հանդիպումը կարող է իրական խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար»,-նշել է ՄՃԽ ծրագրային տնօրենը:

Միեւնույն ժամանակ, Ս.Ֆրեյզերը համակարծիք է համանախագահների այն դրույթին, թե 2006 թվականը «կարեւոր պատուհան է» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ կողմերը չպետք է բաց թողնեն բարենպաստ հնարավորությունը: «Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 2007 եւ 2008 թվականներին տարածաշրջանում նախատեսվում են ընտրություններ, հազիվ թե քաղաքական վերնախավերը ցանկանան գնալ բարդ փոխզիջումների»,-ասել է Ս.Ֆրեյզերը` նկատելով, որ Պրահայի գործընթացի մեկնարկից հետո կողմերը երկար ճանապարհ են անցել: Նրա խոսքերով, Հայաստանն «արդեն նահանջել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մինչ գրավյալ տարածքների ազատումը որոշելու պահանջից»: «Երկու կողմերը համաձայնվում են, որ խաղաղ գործընթացը կարող է սկսվել միայն զինված ուժերը գրավյալ տարածքներից դուրս բերելուց, անվտանգության երաշխիքների տրամադրումից եւ ժամանակավոր տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելուց հետո»,-հայտարարել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: