AM
18 Մայիս 2013 - 12:25 AMT

Սերժ Սարգսյան. Հայաստանի հավաքականի տղաները թույլ են տվել, որ յուրաքանչյուր հայ իրեն չեմպիոն զգա

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ուրախալի է, որ այս տարվա հանդիպումը համընկնում է հայկական շախմատի նշանավոր օրերից մեկի հետ. ուղիղ 50 տարի առաջ` 1963 թվականին, Տիգրան Պետրոսյանը մայիսի 20-ին դարձել է աշխարհի չեմպիոն:

«Մեր շախմատային հաջողությունները, առանց կասկածի, չէին լինի, եթե չլիներ Պետրոսյանի այս հաղթանակը: Սա նրա թողած ավանդն ու ժառանգությունն են»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահն առանձնացրեց նաև վերջին երկու տարիների շախմատի արձանագրած ձեռքբերումները. «2011 թվականին տղամարդկանց մեր հավաքականը Չինաստանում դարձավ աշխարհի չեմպիոն: Արդեն մեկ տարի անց Թուրքիայում մեր թիմը երրորդ անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Կարծում եմ, որ մեր երկրի համար մեծ ձեռքբերում է նաև այն, որ շախմատը ընդգրկվեց դպրոցական ծրագրում»:

Ըստ Սարգսյանի, Հայաստանի հավաքականի տղաները թույլ են տվել, որ յուրաքանչյուր հայ իրեն չեմպիոն զգա: