AM
18 Մայիս 2013 - 13:33 AMT

Սմբատ Լպուտյան. Երկու տարվա մեջ Հայաստանը տվել է երեք գրոսմայստեր

2011 և 2012 թվականներին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձավ աշխարհի թիմային և համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը կարծում է, որ շատ երկրներ կերազեին ունենալ այդպիսի հաջողություն: Բացի այդ, 2011-12 թվականներին Հայաստանը հաջողություն է ունեցել նաև ակումբային առաջնություններում. «Միկայի» տղամարդկանց թիմը դարձել է Եվրոպայի արծաթե, իսկ կանանց թիմը` բրոնզե մեդալակիր:

«Անհատական պայքարում մեր շախմատիստները նվաճել են 30-ից ավելի մեդալներ: Նշեմ Լևոն Արոնյանի հաջող ելույթները, Հրանտ Մելքումյանը դարձավ Եվրոպայի կայծակնային առաջնության չեմպիոն, իսկ Գաբրիել Սարգսյանը` արծաթե մեդալակիր»,- նշեց Լպուտյանը:

Հաջողություններ կան նաև պատանեկան մրցաշարերում. Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Օլիմպիադայի չեմպիոն, հաղթել է նաև Դվորկովիչի անվան մրցաշարում:

«Մեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի և աշխարհի մինչև 12 տարեկանների հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն: Երկու տարվա մեջ մենք տվել ենք երեք գրոսմայստեր, վեց միջազգային վարպետ և 13 ՖԻԴԵ-ի վարպետ»,- եզրափակեց Լպուտյանը: