Ֆրանսիայում բանավեճ է սկսվել պատմությանը առնչվող մի շարք օրենքների շուրջ, այդ թվում այն օրենքների, որոնք դատապարտում են մարդկության դեմ գործած հանցագործությունները եւ պատմական փաստերի ժխտումը դասում քրեականորեն պատժվող արարքների շարքին: Ինչպես հաղորդում է թուրքական CNN-Turk հեռուստակայանը, գոյություն ունի նոր օրենսդրական ակտերի ընդունման հնարավորություն, որոնք փաստորեն կժխտեն անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ի կատար ածված Հայոց ցեղասպանությունը եւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաների Հոլոքոսթը դատապարտող օրենքները: Մասնավորապես, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան Լուի Դեբրեն, ստեղծվել է հատուկ հանձնաժողով օրենսդրական ակտերի կապը պատմական իրադարձությունների հետ վերանայելու նպատակով: Ավելի վաղ, 19 պատմաբանների խումբը առաջարկել էր հանել ֆրանսիական օրենսդրությունից Հայոց ցեղասպանությունը դատապարտող հոդվածը: Պատմաբանները գտնում են, որ «այդ օրենքի հոդվածները սահմանափակում են գիտնականների բանավեճը»:
Այս առիթով արդեն հասցրել է արտահայտվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, «Ֆրանսիան պետք է փոփոխության ենթարկի օրենդրությունը` դասագրքերում երկրի գաղութատիրական անցյալի դրական պատկերը ստեղծելու նպատակով»: Նշենք, որ 2001 թվականին Ֆրանսիայի խորհրդարանը օրենք ընդունեց, ըստ որի 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին որպես Հայոց ցեղասպանություն, եւ մեկ այլ օրենք, ըստ որի, անդրատլանտյան ստրկավաճառությունը որակվեց որպես հանցագործություն մարդկության դեմ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






