AM
9 Հունվար 2006 - 12:01 AMT

ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիրը կարող է հաստատվել փետրվարի վերջին

Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Գործողությունների ծրագրերը նախատեսվում է հաստատել ԵՄ ընդհանուր հարցերի եւ արտաքին կապերի Խորհրդի նիստում, որը կկայանա Բրյուսելում փետրվարի 27-28-ին: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի նիստի նախնական օրակարգում, նախապատրաստված Ավստրիայի կողմից, որը մինչեւ 2006 թվականի հունիսի 30-ը նախագահելու է Եվրամիությունում: Ակնկալվում է, որ փետրվարի 27-28-ը Բրյուսելում կանկացվեն նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ԵՄ Համագործակցության Խորհրդների նիստերը: Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված Հայաստան-ԵՄ բանակցությունների առաջին փուլն անցկացվեց Երեւանում 2005 թվականի նոյեմբերի 28-ին: Բանակցություններից հետո Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը եւ Եվրոպական Հանձնաժողովի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քուրտ Յուուլը հայտարարեցին, որ կողմերը «չափազանց գոհ են» բանակցություններից եւ նախատեսում են «որքան հնարավոր է շուտ» ավարտել Գործողությունների ծրագրի մշակումը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: