AM
10 Հունվար 2006 - 08:33 AMT

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը իր դիրքորոշումը կհայտնի հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ

Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մտադիր է իր գրավոր պատասխանը ներկայացնել Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստի վերաբերյալ: Պատասխանը կուղղվի բարոնուհի Քոքսին, ում նախաձեռնությամբ այս խնդիրը քննարկման է դրվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հայկական խաչքարերի ոչնչացման հարցը Հին Ջուղայում (Նախիջեւան) մտել էր մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի օրակարգ 2005 թվականի դեկտեմբերի 20-ին որպես «Գրավոր պատասխան պահանջող հարց»: Այս խնդրի քննարկման նախաձեռնողները բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Ջոն Մարքսն են: Բարոնուհի Քոքսը, մասնավորապես, կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր ներկայացուցչի միջոցով Ադրբեջանում հին հայկական եկեղցիների եւ այլ հուշակոթողների ոչնչացման առիթով մտահոգություն հայտնելու հնարավորությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: