AM
22 Մայիս 2013 - 07:48 AMT

Ալեքսանդր Սկակով. ԵԱՀԿ ՄԽ այցերը ապացուցում են այն, որ խումբը դեռ գոյություն ունի

Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, պետք է միայն ցուցադրի, որ Մինսկի խումբը դեռ գոյություն ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ԳԱԱ Կենտրոնական Ասիայի ու Կովկաի Արևելագիտության ինստիտուտի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, գործընթացի առաջխաղացում ակնկալել հարկավոր չէ, այժմ, երբ Ադրբեջանում դեռ պետք է կայանան նախագահական ընտրություններ, դրա համար չկան նվազագույն նախադրյալներ: «Ոչ մի աշխատանք Մադրիդյան կամ այլ սկզբունքների շուրջ ոչ ոք չի տանում, ոչ ոք հակամարտության կողմերի վրա ճնշում չի գործադրում: Բոլորը սպասում են՝ ինչով և երբ կավարտվի քաղաքացիական պատերազմը Սիրիայում, հարված կհասցվի արդյոք Իրանին: Կախված իրադարձությունների ընթացքից, կզարգանան նաև իրադարձությունները Հարավային Կովկասում: Առավել ևս, որ հիմնական համաշխարհային կենտրոններին միանգամայն ձեռնատու է ինչպես ստատուս քվոյի հետագա ձգձգումը, այնպես էլ լայնածավալ զինված հակամարտության վերսկսումը, որի դեպքում հնարավոր է ձուկ որսալ պղտոր ջրում: Խաղաղությունն ինքնին ոչ ոքի պետք չէ, բացի, հավանաբար, հասարակ մարդկանցից, որոնք ապրում են այդ վառոդի տակառի վրա»,-ասել է ռուս քաղաքագետը: