AM
22 Մայիս 2013 - 08:06 AMT

Վազգեն Բադալյան. Տեռասասի հետ մենամարտից հետո Դարչինյանը պետք է թողնի բռնցքամարտը

Վիկ Դարչինյանի մարզիչ, ոստիկանության գնդապետ և գեղանկարիչ Վազգեն Բադալյանը կարծում, է որ միջին թեթև քաշային կարգում WBC չեմպիոն Վիկտոր Տեռասասի (Մեքսիկա) հետ մենամարտից հետո իր սանը պետք է թողնի բռնցքամարտը:

«Վիկն արդեն 30 տարի է բռնցքամարտում է, նա կարողացել է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Տերասասի հետ մենամարտում կփորձի ձեռք բերել արդեն իր 9-րդ գոտին տարբեր քաշային կարգերում: Ժամանակն է, որ նա մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին»,- ասաց Բադալյանը:

Նա համարում է, որ հիմա էլ Դարչինյանը ֆիզիկապես շատ ուժեղ է ու կարող է մենամարտել ցանկացած մրցակցի դեմ: Նա խոստովանեց, որ ինքը`բռնցքամարտիկը, դեռ չի մտածում սպորտից հեռանալու մասին:

Մարզչի խոսքով, Դարչինյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում. «ԱՄՆ-ում նա 45 մենամարտ է անցկացրել և ամեն անգամ նշվել է, որ նա Վանաձորից է, ու ամբողջ աշխարհում է Հայաստանը ճանաչելի դարձրել: Նրա ցույց տված մենամարտերը աշխարհում մշտապես առաջատար դիրքերում են եղել»: