AM
23 Մայիս 2013 - 10:40 AMT

Մայիսի 26-ին կկայանա Դիսկ գոլֆի խաղադաշտի բացումը

Մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում «Իվանս Դիսկ գոլֆ Քորս» ֆեդերացիայի կողմից Դիսկ գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:

Դիսկ գոլֆը հանդիսանում է գոլֆ խաղի տարատեսակ: Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունն ու նրա մեջ կներգրավեն միջոցառման հյուրերին:

Մահակների և գնդակների փոխարեն Դիսկ գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Այն շատ մատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ: