Երեկ «Վաշինգտոն փոստ» թերթը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի նամակը գլխավոր խմբագրին` ի պատասխան հունվարի 12-ին տպագրված «Քաղաքի մարտահրավերը` անսպասելի փորձություն Ադրբեջանի համար» հոդվածի: Նամակի հեղինակը ողջունում է թերթին` Ադրբեջանում ժողովրդավարությանը հստակ գնահատական տալու համար: Այնտեղ նշվում է, որ Հեյդար Ալիեւը եւ նրա շրջապատը սպառնալով Լեռնային Ղարաբաղին նոր պատերազմով, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի կայունությանը, իրենց դիկտատորական ռեժիմի ուժեղացման համար հաճախ են օգտագործում ռազմատենչ կոչեր: Տնտեսության զարգացումը, էներգակիրների փոխադրումը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը զգալի չափով կախված են տարածաշրջանում հարեւան երկրների միջեւ բարեկամությունից եւ համընդհանուր արժեքների ճանաչումից` ներառելով նաեւ փաստորեն անմիջական հարեւաններին` Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, ասվում է Բարսեղյանի նամակում: Ուղերձում հույս է հայտնվում, որ ԱՄՆ աջակցությամբ` ժողովրդավարության նվիրվածությունը եւ հարգանքը մարդու իրավունքներին ընդհանուր ղեկավարող սկզբունքներ կդառնան այդ ուղու վրա: