AM
13 Հունվար 2006 - 09:11 AMT

Ն.Բորդյուժա. ՀԱՊԿ-ն կկիրառի իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա

Հավաքական Անվտագության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառել, որ ՀԱՊԿ-ն կօգտագործի իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Այս մասին նա ասել է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն կօգտագործի իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Նիկոլայ Բորդյուժան ասել է. «Հավաքական անվտանգության Պայմանագրի չորրորդ հոդվածում հստակ ասված է, որ ՀԱՊԿ անդամ-երկրների կամ համաձայնագրի մասնակցի դեմ ագրեսիան պայամանգրի մնացած անդամների կողմից դիտվում է որպես ագրեսիա ընդդեմ բոլորի: Այդպիսով, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Սակայն ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրն այնպիսի համակարգի ստեղծումն է, որի դեպքում զինված ուժերը չեն օգտագործվի: Պայմանագիրն իր էությամբ նպատակադրված է թույլ չտալ արյունահեղություն, ուժային տարբերակներ այս կամ այն խնդրի լուծման դեպքում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ նրա սահմաններում»: