AM
13 Հունվար 2006 - 12:08 AMT

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը «կիսում է» կոնգրեսականների մտահոգությունը պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը գրավոր պատասխան է տվել ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնեի նամակին` Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստի առնչությամբ: Հ.Փաշաեւը «ափսոսանք է հայտնում» տեղեկատվության աղբյուրների «չստուգված լինելու» կապակցությամբ, որոնց հղում են արել ԱՄՆ Կոնգրեսի անդամները: Դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները: «Այսօր Ադրբեջանում բնակվում է շուրջ 30 հազար հայ: Մեր երկիրը կարեւորում է պատմական, մշակութային եւ ճարտարապետական հուշարձանների պահպանումը»,-ասել է նա: Ադրբեջանցի դիվանագետը դիմելով կոնգրեսականներին, նշել է, որ «կիսում է նրանց մտահոգությունը պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման հարցում», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն նամակ են հղել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Նախիջեւանի հայկական գերեզմանոցում հայկական խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման փաստով, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Ուղերձում կոնգրեսականները բողոք են հայտնել հայկական խաչքարերի ոչնչացման բարբարոսական գործողությունների դեմ` նշելով, որ նման գործողություններ եղել են նաեւ 2002 թվականին, երբ 10 հազար խաչքարերից կանգուն մնացին միայն 2 հազարը: Ուղերձում նաեւ մատնանշվում են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: «Լինելով միջազգային հանրության անդամ, Բաքուն պարտավոր է պաշպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Անտեսելով այդ պարտավորությունները, Ադրբեջանի կառավարությունը ի չիք է դարձնում ԱՄՆ եւ միջազգային հանրության ջանքերն, ուղղված կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,-նշվում է Ջ.Նոլենբերգի եւ Ֆ.Փալոնեի նամակում:

Կոնգրեսականները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել Ջուղայի հինավուրց գերեզմանոցում կատարվող վանդալիզմի գործողությունները եւ զեկույց նախապատրաստել հասցված վնասի մասին` հետագայում իրավիճակի կարգավորման նպատակով: Ադրբեջանի կառավարությունը համագործակցության կոչ է անում միջազգային փորձագետների հետ մշակութային արժեքների պաշտպանության ծրագիր մշակելու եւ նման գործողությունների կրկնությունը ապագայում կանխելու համար: