AM
16 Հունվար 2006 - 10:31 AMT

Վրաստանի ԱԳՆ ղեկավար. Մենք երբեք չենք իրագործել ռազմավարական նախագծեր հարեւաններին մեկուսացնելու նպատակով

«Մենք շարունակում ենք ամուր բարեկամության տուն կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, եւ իմ այսօրվա այցը դրա ապացույցն է»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին այսօր Երեւանում կայացած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հատուկ նշեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, «մենք պետք է միասին ընթանանք այդ ուղիով»: Համագործակցության առումով կարեւոր ուղղությունների թվում Վրաստանի ԱԳ նախարարը նշեց զբոսաշրջության, էներգետիկայի եւ առեւտրի ոլորտները: «Ամենակարեւորը գործարար շրջանակների մակարդակով ուղիղ երկխոսություն ապահովելն է»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին: Նա նաեւ հաղորդեց, որ Վրաստանը բացի սեւծովյան հանգստավայրերի ենթակառուցվածքների բարելավումից, զարգացնում է նաեւ լեռնադահուկային հանգստավայրերը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է Ադրբեջանը համարվում Վրաստանի ռազմավարական, իսկ Հայաստանը` պրագմատիկ գործընկերը, Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «դրանք անվտանգության ռազմավարության հարցեր են, եւ այդ առումով Վրաստանն ունի 3 ռազմավարական գործընկեր` ԱՄՆ-ն, Ուկրաինան եւ Թուրքիան, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է ռազմավարական հարաբերություններ ձեւավորենք Հայաստանի հետ»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին:

Անդրադառնալով անցյալ տարվա վերջում ընդունված Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի զարգացման ծրագրին, Վրաստանի ԱԳ նախարարը հաղորդել է, որ այդ ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար, նրա բյուջեն կազմում է շուրջ 130 մլն դոլար, որոնք կուղղվեն ճանապարհների վերանորոգմանն ու կառուցմանը, շրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Միջոցներ կհատկացվեն նաեւ մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար»,-հաղորդել է նա: Պատասխանելով Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին հարցին` Գ.Բեժուաշվիլին նշեց, որ շինարարությունը դեռեւս չի սկսվել, նախագիծը տնտեսական հաշվարկների փուլում է գտնվում: «Սակայն, մենք երբեք չենք մշակել ռազմավարական նախագծեր հարեւաններին մեկուսացնելու նպատակով»,-հայտարարել է նա:

Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից գազի գների բարձրացման արդյունքում Վրաստանը Հայաստանի տարածքով գազ ներկրի Իրանից , Վրաստանի ԱԳ նախարարը նշեց, թե «տեխնիկապես դա դեռեւս հնարավոր չէ»: Սակայն չբացառեց այդ հարցի քննարկման հավանականությունը այն բանից հետո, երբ գազամուղը սկսի լիարժեք գործել: