Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չունի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նա նշեց, որ բանակցային գործընթացի իմիտացիայում, հիմնականում, շահագրգռված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Նրանք ոչինչ չեն անում, պարզապես տպավորություն են ստեղծում, թե իբր բանակցային գործընթաց կա», – համոզված է Ադրբեջանի նախկին նախագահի խորհրդականը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ նախագահները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տարբեր միջոցառումների շրջանակներում: Եթե հիմքում ինչ-որ լուրջ բան լիներ, կողմերը չէին սպասի որեւէ միջոցառման, այլ պատվիրակություններ կուղարկեին բանակցությունների համար»,-հայտարարել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի վերջին հայտարարություններին, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուրջ հնարավորություններ են ի հայտ եկել, Գուլուզադեն նշեց, թե «դրանք զուտ խոսքեր են: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման հարցին, ապա ըստ Գուլուզադեի, այդ մասին ոչ միայն վաղ է խոսել, այլեւ դա իրատեսական հեռանկար չէ: «1994 թվականից ի վեր հակամարտության գոտում չկա եւ ոչ մի օտարերկրացի զինվոր, եւ հրադադարը` լավ թե վատ, Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են: Պարբերական փոխհրաձգություններ լինում են, բայց դա էլ անխուսափելի է»,-նշել է նա: «Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնի օտար զորքերի տեղակայմանը: Ինչ վերաբերում է ռուսական զորքերի հնարավոր տեղակայմանը հակամարտության գոտում, ապա մենք դրա համաձայնությունը չենք տա, Ամերիկան էլ չի համաձայնի, որ Ռուսաստանը գա եւ զավթի այդ բոլոր շրջանները», – եզրափակեց Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






