ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն զարգանալ բարիդրացիական հունով, կկենսագործվեն երկու երկրների նախագահների ու վարչապետների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Գելա Բեժուաշվիլին Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ողջույնները, տեղեկացրել իր երկրում ընթացող քաղաքական, տնտեսական գործընթացներին: Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հաճախակի փոխայցելությունները երկուստեք սերտ համագործակցության վկայություններից են: Նրանք դրական են գնահատել նաեւ մի շարք հարցերի շուրջ Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման ընթացքից: Միաժամանակ, նրանք նշել են, որ հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այդ հարցում, սակայն, ըստ վարչապետի, տնտեսական մի շարք հարցեր որոշակի քաղաքական ենթատեքստ ունեն եւ առանձնահատուկ ուշադրություն են պահանջում: Անդրանիկ Մարգարյանը, նշել է, մասնավորապես, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի շինարարության նախագծի շուրջ աշխատանքների ակտիվացումը` ի հակակշիռ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով չգործող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի: Մինչդեռ, ըստ վարչապետի, վերջինիս վերաբացումը Կովկասի բոլոր երկրներին թույլ կտա հավասարապես օգտվել տարածաշրջանի միջանցիկ հնարավորություններից: Վրաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը փորձում է հնարավորինս հաշվի առնել նաեւ հարեւան երկրների շահերն ու մտահոգություններն եւ շահագրգիռ է տարածաշրջանում բոլոր հարեւանների հետ ակտիվ ու փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Զրուցակիցները կարեւորել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման գործում: Ա.Մարգարյանը նշել է, որ երկու վարչապետների հաջորդ հանդիպումը նախնական պայմանավորվածության համաձայն կկայանա Բաթումում, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում, հավանաբար այս տարվա մայիսին: Ա. Մարգարյանը եւ Գ. Բեժուաշվիլին քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության` մասնավորապես, Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրական համակարգերի զուգահեռ ռեժիմով աշխատանքի կազմակերպման հարցեր: Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ վրացական կողմը հետաքրքրությամբ հետեւում է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքին եւ ընդգծել է, որ իր երկիրը եւս շահագրգիռ է այս ոլորտում Իրանի հետ համագործակցություն զարգացնելու հարցում:
Ա.Մարգարյանը դարձյալ անդրադարձել է Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրի հնարավորինս արագ հաստատման անհրաժեշտությանը, նշելով, որ այն հնարավորություն կընձեռի համակարգված եւ ծրագրավորված ձեւով լուծելու այդ տարածաշրջանում առկա խնդիրները: Նա մեկ անգամ եւս հավաստել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ներկա փուլում, երկու երկրների վարչապետների որոշմամբ, հայկական կողմը օժանդակություն կցուցաբերի մի շարք կրթական օբյեկտների վերականգնմանը: Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ կրոնի մասին օրենքի ընդունումից հետո կլուծվի նաեւ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի իրավաբանական ձեւակերպման հարցը եւ սրա հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նշել է, որ թերեւս, մինչեւ հարցի վերջնական կարգավորումը, նպատակահարմար է միջանկյալ լուծումներ գտնել, որտեղ եւս հայկական կողմն ակնկալում է Վրաստանի իշխանությունների աջակցությունը: Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հարցը քննարկելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ նախատեսված իր հանդիպման ընթացքում եւ հույս է հայտնել, որ հարցի կարգավորման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերը արդյունք կտան:






