AM
17 Հունվար 2006 - 09:13 AMT

Կարել դե Գուխտ. Կարեւոր է արդեն այն փաստը, որ Ռ.Քոչարյանն ու Ի.Ալիեւը պայմանավորվել են հանդիպման մասին

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը տեղեկացրել է Անվտանգության Խորհրդին իր երկրի նախագահությամբ ԵԱՀԿ գործունեության ծրագրի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել տարածաշրջանում այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Նա հույս է հայտնել, որ դրանցից մեկը` Կոսովոյում, կկարգավորվի մինչեւ տարեվերջ եւ հաղորդել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հույս է հայտնվել: «Տարածաշրջանում դեռեւս շատ են այսպես կոչված «սառեցված հակամարտությունները»` Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում` Մերձդնեստրում եւ Կոսովոյում: Մենք հուսով ենք, որ Կոսովոյի հակամարտությունը կկարգավորվի այս տարվա ընթացքում»,-հայտարարել է Կարել դե Գուխտը լրագրողների հետ զրույցում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ճեպազրույցից հետո, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման «հույսի պատուհան» է հայտնվել: Նա հաղորդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ընթացիկ տարվա փետրվարին եւ քննարկել հակամարտության կարգավորման ուղիները: «Մինչ այդ ես մտադիր եմ հանդիպել յուրաքանչյուրի հետ: Կարծում եմ, որ կարեւոր է արդեն այն փաստը, որ նրանք պայմանավորվել են հանդիպման մասին»,-ավելացրել է Կարել դե Գուխտը: Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ԵԱՀԿ-ն միակ կազմակերպությունն է, որ ապահովում է ընդհանուր առմամբ եվրոպական տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նա տեղեկացրել է այդ ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին: