Այսօր Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, այսօր ամբողջ օրը կշրջեն Երևանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել հանելուկների միջոցով։ Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ խրախուսել հեծանվով երթևեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում։ Կարեն Ավագյանը նկատեց, որ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթևեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։ Նա նաև ասաց, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, և ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ ինքն ազատ ժամերին հաճախ է մարզվում հեծանվով, և համոզված է, որ Հայաստանում շատ են այն պաշտոնյաները, ովքեր սիրում են վարել հեծանիվ։
«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։
46 թիմերն իրենց երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում. այստեղ հասած առաջին երեք թիմերը կդառնան հաղթող։ «Փլեյ Սիթիում» կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։






