AM
18 Հունվար 2006 - 09:36 AMT

Ռ.Սաֆարովի գործով երկրորդ դատավարությունը կշարունակվի հունվարի 21-ին

Երեկ Հունգարիայի Պեշտի շրջանային դատարանում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատը` նրա դեմ բանտապահների հարուցած հայցի հիման վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատանը, դատավոր Տոտ Դենդերինի նախագահությամբ ընթացող դատավարությանը մասնակցել են նաեւ ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները: Մոտ կես ժամ տեւած նիստին դատավորը հրապարակեց փաստաբանի եւ պետական մեղադրողի անունները, այնուհետեւ Ռ.Սաֆարովին թուրքերենով ներկայացվեց մեղադրական ակտը: Որոշվեց դատավարությունը շարունակել հունվարի 21-ին: Ռամիլ Սաֆարովը մեղադրվում է այն բանում, որ դիմադրել է մեկուսարանի աշխատակիցներին եւ կարող է դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, 2004 թ. հունիսի 19-ին բանտապահները խնդրել են Ռ.Սաֆարովից նրա հեռախոսաքարտը: Հունգարերեն չիմացող Ռ.Սաֆարովը «չի հասկացել», թե ինչ են իրենից ուզում, ինչն էլ դարձել է միջադեպի պատճառ: Արդյունքում, «8 ոստիկաններ ոլորել են նրա ձեռքերը եւ կապել, այդպիսով ֆիզիկական ուժ կիրառելով նրա դեմ»: Այդ իրադարձությունից հետո, չնայած դատական ատյաններին ուղղված Ռ.Սաֆարովի փաստաբանների հայցադիմումներին, դատարանը համարեց, որ ապացույցներ չկան եւ փակեց գործը: Դրան հետեւեց հակառակ կողմի հայցը ադրբեջանցի սպայի կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը հայտարարել էր.«Ահա թե ինչ է ասում այդ առնչությամբ ինքը Սաֆարովը երրորդ դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որն այնքան դուր էր եկել պաշտպանությանը, սակայն չեղյալ հայտարարվեց դատովորի կողմից: «Այդ օրն ինձ զանգահարեց իմ փաստաբանը, ես նրանից իմացա մի տհաճ լուր, որից հետո սկսեցի ոտքերով ուժգին հարվածել դռանը: Երբ բանտապահը բացեց դուռը, ես նրա վրա ջուր լցրերցի»: Համաձայնեք, որ հունգարացի բանատապահները այս իրավիճակում չէին կարող այլ կերպ վարվել` նրանք պետք է ուժ կիրառեին մոլեգնող կալանավորի հանդեպ: Արդյունքում Սաֆարովի դեմ բանտապահների բողոքի հիման վրա հարուցվեց երկրորդ քրեական գործը»:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: