Այժմ ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում իշխանությունների ձեռքերն ազատ են, աշխատելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: Նրա խոսքերով, երկու երկրներում էլ աճում է այն զգացողությունը, որ չլուծվող հակամարտությունը չափազանց թանկ է նստում իրենց վրա: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար իրավիճակը բարդ է. հայերի մեծ մասը աջակցում է Ղարաբաղի իրենց հայրենակիցներին, բնակչության մեծ մասը գիտակցում է, որ երկիրը ստիպված է չափազանց թանկ գին վճարել այդ աջակցության համար: Եվ, որ Երեւանում իշխանության եկած ղարաբաղցիները պետք է մտածեն ոչ միայն Ղարաբաղի այս պահի շահերի, այլ նաեւ Հայաստանի առավել երկարաժամկետ շահերի մասին»,-նշել է նա: «Մենք մեր զեկույցում ոչ միայն խորհուրդ ենք տալիս հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները նույն ձեւաչափով, ինչպես այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, այլ նաեւ խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի ղեկավարությանը համաձայնվել դե-ֆակտո Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցություններին որոշակի մակարդակով: Բացի այդ, մենք գտնում ենք, որ Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի իրագործելու համար միջանձնային շփումներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Չէ որ այժմ Ադրբեջանի քաղաքացուն արգելված են շփումները Լեռնային Ղարաբաղի հետ եւ դա շատ վատ է»,-հայտարարել է Ալեն Դելեթրոզը:
Այնուհետեւ, նրա խոսքերով, գործելով ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակներում, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է «դուրս բերեն իրենց զորքերը գրավյալ տարածքներից, սակայն բացառելով այնտեղ ադրբեջանական բանակի մուտքը»: «Գրավյալ տարածքներ պետք է մտնեն միջազգային զորքեր, գրավյալ տարածքներ ասելով, ես նկատի ունեմ յոթ շրջանները, բացառելով բուն Լեռնային Ղարաբաղը: Մենք հասկանում ենք, որ Քելբաջարի շրջանում գտնվող Օմարի լեռնանցքը եւ Լաչինի միջանցքը, որը ղարաբաղցիները «կյանքի ճանապարհ» են անվանում ռազմավարական շրջաններ են Ղարաբաղի համար, եւ նրա շահերը պետք է հաշվի առնվեն: Եվ եթե ադրբեջանական բանակը չպետք է իրավունք ունենա մուտք գործել այնտեղ, ապա փախստականները եւ տեղահանված անձիք պետք է այնտեղ վերադառնալու իրավունք ստանան»,-ավելացրել է նա:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պետք է շարունակի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման իր գործունեությունը: Մեր զեկույցում ասվում է, որ այդ գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Ի վերջո, միջազգային հանրությունը, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հաշտվեն այն բանի հետ, որ Լեռնային Ղարաբաղն այդպես է ապրելու 5-10 տարի: Այնուհետեւ պետք է անցկացվի հանրաքվե, որին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները, այդ թվում նաեւ ադրբեջանցիները: Եվ բոլոր կողմերը պետք է նախապես պայմանավորվեն, որ համաձայն են հանրաքվեի արդյունքներին, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակմանը»,-նշել է Ալեն Դելեթրոզը, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը:






