Արմավիրի մարզում շարունակում է ընթանալ նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը, որին մասնակցում են 11 երկրների մարզիկներ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանն ասել է, որ եզրափակչի ուղեգիր են նվաճել 15 հայ նետաձիգներ:
Տղաների պայքարում որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց է տվել Վասիլ Շահնազարյանը, նա 4 վարժությունների արդյունքում` 90, 70, 50 և 30 մ, վաստակել է 1287 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը: Եզրափակչի ուղեգրեր են նվաճել մինչև 32-րդ տեղերը գրաված նետաձիգները, նրանց թվում են Արշակ Պետրոսյանը, Դավիթ Խաչատրյանը, Տիգրան Ադամյանը, Վիգեն Սմբատյանը, Արամայիս Հայրապետյանը, Համլետ Մարտիրոսյանը և Սամվել Խաչատրյանը: Առաջին տեղն է գրավել չինացի Գուո Լիեն 1338 միավորով:
Աղջիկները ուժերը չափել են 70, 60, 50 և 30 մ մրցատարածություններում: Հայ մարզուհիներից ամենաբարձր`23-րդ, տեղը 1221 միավորով զբաղեցրել է Ռոզա Գրիգորյանը: Եզրափակչում ելույթները կշարունակեն նաև Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը, Գայանե Ոսկանյանը, Հայկուհի Մարգարյանը, Գոհար Հակոբյանը և Լուսինե Գեյվանովան: Իսկ առաջատարն է Աննա Բոնբոևան (Ռուսաստան) 1339 միավորով:
Եզրափակչի ելույթները կմեկնարկեն մայիսի 30-ից, իսկ հաղթողները հայտնի կդառնան հունիսի 1-ին:






