AM
18 Հունվար 2006 - 12:36 AMT

ԼՂՀ նախագահը որեւէ առաջխաղացում չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության կողմից

«Մենք ցանկանում ենք լավատես լինել, սակայն, կյանքը ցույց կտա, որքանով ենք մոտ կարգավորմանը, քանի որ այդ գործընթացը միայն մեզնից չէ կախված: Մենք պատրաստ ենք անցնել մեր ուղին, եթե մեր ընդդիմադիրն էլ իր ուղին անցնի: Այդ տեսակետից, ես որեւէ առաջխաղացում Ադրբեջանի ղեկավարության կողմից չեմ տեսնում: Այդ պատճառով, ցանկանալով լավատես լինել, ես հիմքեր չեմ տեսնում դրա համար»: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` պատասխանելով ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման հնարավորության մասին հարցին: Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը` նախագահը նշել է.«Դա նորմալ գործընթաց է, սակայն այսօր դրա մասին խոսք չկա, քանի որ դեռեւս քննարկվում է կարգավորման խնդիրը: Եթե կողմերը համաձայնության գան, պայամանագրի կետերից մեկը կլինի խաղաղապահ զորքերի տեղակայումը: Սակայն, քանի որ լուծված չեն մնացած հարցերը, դեռեւս վաղ է քննարկել խաղաղապահ ուժերի կարգավիճակը, նրանց աշխատանքը եւ այլն»: Ընդ որում, ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը բոլորից շատ է շահագրգռված այն բանում, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանա», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: