AM
18 Հունվար 2006 - 13:16 AMT

Բաքու. Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը Պրահայի գործընթացի եւս մեկ կարեւոր քայլ է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության տնօրեն Թահիր Թաղիզադեն հայտարարել է, որ Բաքուն «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների լոնդոնյան հանդիպումը դիտում է որպես եւս մեկ քայլ բարդ, սակայն դրական ուղղությամբ շարժվող պրահյան գործընթացում: Հանդիպումն ընձեռում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցելու եւս մեկ հնարավորություն»: «Կողմերը Լոնդոնում կքննարկեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջին փուլի մեջ ընդգրկված բոլոր բաղադրիչները: Դրանք իբրեւ մեկ փաթեթ են դիտվում Ադրբեջանում», – ասել է Թահիր Թաղիզադեն:

Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարին, սակայն կոնկրետ օրն ու վայրը, հավանաբար, հայտնի կդառնա լոնդոնյան բանակցություններից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: