AM
19 Հունվար 2006 - 10:25 AMT

Վ.Կազիմիրով. Ոչ ոք չի պատրաստվում խաղաղապահներին պարտադրել ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ոչ ոք չի պատրաստվում խաղաղապահներին պարտադրել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Այդ մասին OpenArmenia.com ֆորումի էջերին տված օնլայն-հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով լիազոր ներկայացուցիչ (1992-96թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Թող իրենց խնդիրները իրենք էլ լուծեն: Սակայն կարո՞ղ են արդյոք նրանք պայմանավորվել եւ առավել եւս հետեւել այդ պայմանավորվածություններին: Դա դեռեւս ոչ մի բանով չի հաստատվել: Հակամարտության բոլոր 18 տարիների ընթացքում ձեռք բերված երեք պայմանավորվածություններից երկուսը խախտվել են եւ միայն երրորդը` զինադադարի մասին, պահպանվում է ընդհանուր առմամբ, բայց ոչ լիովին: Չծանրացնեմ այդ մռայլ վիճակագրությունը նաեւ նրանով, թե հրադադարի կամ ռազմական գործողությունների սահմանփակման մասին քանի համաձայնություն է տապալվել դեռ պատերազմի տարիներին: Այսքանից հետո, տեսեք կկարողանան արդյո՞ք կողմերը պայմանավորվել, իսկ կարեւորը` պահպանել այդ համաձայնությունը առանց արտաքին օգնության»,-նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե նրա կարծիքով երբ կսկսվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բուն բանակցությունները` Վ.Կազիմիրովը հայտարարել է.«Այո, դեռեւս դրանք ընդամենը խորհրդակցություններ են, թեեւ բարձր նույնիսկ շատ բարձր մակարդակով, շփման եզրերի որոնում: Սակայն վաղուց արդեն ժամանակն է վերականգնել բանակցային գործընթացը ողջ ծավալով:Երկու նախագահների հերթական հանդիպումը կարող էր կանաչ ճանապարհ բացել դրա համար, սակայն այդ լուսաֆորը կանգ է առել դեղինի վրա: Ինչ վերաբերում է նրան, թե ով ներկայացված կլինի այդ բանակցություններում եւ ում միջեւ կընթանան բանակցությունները, ապա ռուս դիվանագետը նշեց.«Կարող եմ ասել միայն, որ բանակցություններին պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը: ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովը հանձնարարեց Մինսկի խմբի համանախագահներին բանակցություններ վարել հակամարտող բոլոր կողմերի միջեւ: Ոչ ոք այդ որոշումը չեղյալ չի հայտարարել»: Նրա խոսքերով, երկու կողմերը փաստորեն ձեւափոխել են բանակցային գործընթացը: Տարօրինակ է, որ դա հակազդեցության չի արժանացել ԵԱՀԿ կողմից, որը գերադասեց ընթանալ հոսանքին համընթաց. միայն թե չխզվեն շփումները, նույնիսկ եթե դրանք բավարար արդյունավետությունը չունեն: Ամենաբարձր մակարդակի համաժողովում կայացված որոշումները պաշտպանելու եւ կյանքի կոչելու անկարողությունը լավագույնս չի բնորոշում այդ միջազգային կազմակերպության արդյունավետությունը, եզրափակեց նա: