AM
30 May 2013 - 11:30 AMT

2013 թ. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը կակտիվացնի սպառողական վարկավորումը

2013 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը` հասցնելով մանրածախ վարկային պորտֆելը մինչև 20,1 մլրդ ՀՀ դրամի: «Հայաստանյան բանկերը սկսեցին սպառողական կարվավորումը դիտարկել որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, որն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության սրացմանը, և հետևաբար` նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը», – գտնում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մանրածախ վարկավորման բաժնի պետ` Արմեն Համբարձումյանը: «Այսօր սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները շատ չեն տարբերվում իրարից: Հիմնականում բանկերը մրցակցում են վարկերի տրամադրման ժամկետների, վարկավորման գործընթացի ավտոմատացման, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման համար: Մեր բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները`փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման և տրամադրման ընթացակարգը», – հատկանշեց Ա. Համբարձումյանը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2013թ. I-ին եռամսյակում հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 93.9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Վարկային պորտֆելի կառուցվածքում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմեց 18.3 մլրդ ՀՀ դրամ կամ 20%, որը I-ին եռամսյակում գրանցեց մոտ 16% աճ: