AM
27 January 2003 - 14:49 AMT

ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐՄԱԴՐՎՈՂ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2003 թվականի հատկացումների ծրագրին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել Հայաստանին 90 միլիոն դոլարի չափով Ազատության աջակցման ակտի շրջանակներում: Ծրագիրը նաեւ նախատեսում է 3 միլիոն դոլար ռազմական ոլորտի ֆինանսավորման եւ 750 հազար դոլար` զինվորականների ուսուցման համար: Փաստաթղթում աջակցություն է հայտնվում նաեւ Ղարսի (Թուրքիա) եւ Գյումրիի (Հայաստան) միջեւ երկաթուղային հաղորդակցության հաստատմանը, ինչը «դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը ուղղված ԱՄՆ ջանքերի վրա: Ըստ ծրագրի նախատեսվում է նաեւ որպես օգնություն 20 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին եւ լրացուցիչ օգնություն 5 միլիոն դոլարի չափով «Լեռնային Ղարաբաղի հումանիտար պահանջները ապահովելու համար»: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատմանը ուղղված միջոցառումների համար: