Հունվարի 17-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն Հռոմում հանդիպել են Իտալիայի նախագահի դիվանագիտական խորհրդական դեսպան Ռոբերտո Նիջիդոյին` Հայ-իտալական բարեկամության օրերի ավարտին ՀՀ ԱԳՆ եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության համատեղ ջանքերով հրատարակած «Տեսի զերկիրն Իտալիոյ» կատալոգը հանձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ներկայացնելով կատալոգը` Հայաստանի դեսպանը Ռոբերտո Նիջիդոյին խնդրել է հատուկ շնորհակալություն հայտնել Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիին միջոցառմանը իր բարձր հովանավորությունը տալու, ինչպես նաեւ Հայ-իտալական բարեկամության օրերի հաջող ավարտի կապակցությամբ: Այնուհետեւ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային եւ երկկողմ մի շարք հարցեր: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան հարաբերություններին ներկա վիճակին: Հանգամանորեն ներկայացվել են երկկողմ հարաբերությունների ներկա փուլը եւ զարգացման հեռանկարները: Հաշվի առնելով վերջին շրջանի հայ-իտալական կապերի նկատելի աշխուժությունը` Իտալիայի նախագահի դիվանագիտական խորհրդականը բարձր գնահատական է տվել դրանց: Հունվարի 18-ին Հայաստանի դեսպան Ռ. Շուգարյանը եւ Իտալիայի դեսպան Մ. Կլեմենտեն նույն նպատակով Իտալիայի ԱԳ նախարարությունում հանդիպել են Գլխավոր քարտուղար Պաոլո Պուչիի, Մշակութային համագործակցության գլխավոր տնօրեն Աննա Բլեֆարի-Մելացիի եւ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների պատասխանատու Մաուրո Մարսիլիի հետ: Հայ-իտալական բարեկամության օրերի կատալոգը ներկայացնելուց հետո, երկու երկրների դեսպանները հանգամանորեն խոսել են միջոցառման ընթացքի եւ ունեցած արդյունքի վերաբերյալ: Իտալիայի ԱԳ պաշտոնյաներն իրենց գոհունակությունն են հայտնել եւ բարձր գնահատել Հայ-իտալական բարեկամության օրերի կազմակերպական բարձր մակարդակը` նշելով, որ այն լավ նախադեպ կարող է հանդիսանալ նաեւ 2006-2007թ. ընթացքում Իտալիայում Հայաստանի օրեր կազմակերպելու համար:






