Հունվարի 19-ին Եվրոպական խորհրդանանի լիագումար նիստում ընդունվեց «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» զեկույցը, որ պատրաստել էր Եվրախորհրդարանի անդամ բրիտանացի Չարլզ Թանոքը: Լիագումար նիստին մասնակցելու համար Ստրասբուրգ էր մեկնել ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վիգեն Չիտեչյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Թանոքի զեկույցը դեկտեմբերի 7-ին հաստատվել էր արտաքին կապերի հանձնաժողովում, որից հետո փոխանցվել լիագումար նիստին: Լիագումարին նախորդած մի քանի շաբաթվա պաշտոնական եւ ոչ պաշտոնական քննարկումների արդյունքում ներկայացվել էր 50-ից ավելի լրացում, այդ թվում Հարավային Կովկասի վերաբերյալ:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարի-Անն Իզլեր Բեգինը ներկայացրել էր մի քանի լրացում, այդ թվում Ջուղայի հայկական հուշարձանների ոնչացումը դատապարտող պարբերություն, որով ադրբեջանական իշխանություններին կոչ է արվում վերջ դնել Նախիջեւանի հարավում հայկական միջնադարյան տապանաքարերի եւ պատմական խաչքարերի ներկա ավերմանը:
Իզլեր-Բեգինի մեկ այլ լրացմամբ Եվրոպական խորհրդարանը հորդորում է Ռուսաստանին եւ Թուրքիային կառուցողական դեր խաղալ, հիմքեր դնելով հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանային համագործակցության վերականգնման համար եւ այս առումով կոչ է անում Թուրքիային բացել սահմանները Հայաստանի հետ:
Բանաձեւում եւս մեկ անդրադարձ է արվում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ` այդ հարցում առաջընթացը համարելով անհրաժեշտ: Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, անսալով հայկական կողմի փաստարկին, թե այս պահին ցանկացած հայտարարություն կարող է անդրադառնալ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններ վրա, ընդունվեց բավականին հավասարակշիռ տեքստ, որտեղ ասվում է, թե` հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵՀՔ-ի իրագործմանը, ԵՄ-ն կոչ է անում կողմերին խուսափել միակողմանի գործողություններից եւ ռազմաշունչ հայտարարություններից եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսությամբ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հարգելով փոքրամասնությունների իրավունքները եւ միջազգային օրենքի սկզբունքները: ԵՄ-ն շեշտադրում է նաեւ ժողովրդավական բարեփոխումների շարունակականության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների համար, հորդորում է բոլոր կողմերին ուղիներ գտնել թույլ տալու փախստականների աստիճանական վերադարձը փոքրամասնությունների իրավունքների հիման վրա, մասնավորապես ադրբեջանցի փախստականների վերադարձը գրավյալ տարածքներ: Այս կապակցությամբ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններին առավել արդյունավետ համակարգել իրենց գործողությունները Հարավային Կովկասի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցչի հետ` բանակցություններում առաջընթաց ապահովելու նպատակով:






