AM
21 Հունվար 2006 - 09:16 AMT

Հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունից է կախված ողջ Կովկասի կայունությունն ու անվտանգությունը

«Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են Ռուսաստանում Հայաստանի տարին եւ 2005 թ. Հայաստանում Ռուսաստանի տարին, մերձեցնում են մեր ժողովրդներին: Հայ ժողովուրդը բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ է, հայկական գիտության եւ մշակույթի գործիչները լավ են հայտնի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում: Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում Մոսկվայում, Սանքտ Պետերբուրգում, այլ ռուսական քաղաքներում կայանալիք միջոցառումները մեծ հետաքրքրությամբ կընդունվեն հասարակության կողմից»: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հունվարի 21-ին, Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման նախօրեին:

«Հայաստանը այն պետությունների թվում է, որոնց հետ Ռուսաստանը հաստատել է ամուր գործընկերային հարաբերություններ: Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում են էներգետիկ, իրավապահ եւ ռազմատեխնիկական ոլորտները, գիտությունն ու մշակույթը»: Հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունից է կախված Կովկասի ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: «Առանձնակի նշանակություն է ստանում նաեւ մեր երկրների միջխորհրդարանական երկխոսությունը, որը գտնվում է այսօր լավ մակարդակի վրա: 2005 թվականի նոյեմբերին մենք վավերացրեցինք կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որը կարեւոր նշանակություն ունի երկկողմ ներդրումներն ընդլայնելու համար անհրաժեշտ իրավական բազայի կատարելագործման տեսակետից»,-ասել է Գրիզլովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: