Ամերիկացի փորձագետների խումբը, որը ներկայումս ուսումնասիրում է թռչնագրիպի հետ կապված իրադրությունը Թուրքիայում, շաբաթվա վերջին կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակը: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը սահմանակից են արեւելյան Թուրքիային, որտեղ դեկտեմբերին թռչնագրիպ հայտնաբերվեց, որից արեւելյան Թուրքիայում մինչ օրս մահացել է 4 մարդ: Ընդհանուր առմամբ, երեկվա տվյալներով, Թուրքիայում թռչնագրիպից մահացել է 5 մարդ: Ամերիկացի մասնագետների թիմը Հարավային Կովկասից կվերադառնա հաջորդ շաբաթ եւ իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի Թուրքիայի կառավարությանը: Թուրք պաշտոնյաները մտավախություն են հայտնել, որ որոշ հարեւան երկրներ թաքցնում են թռչնագրիպի դեպքերը: «Մեր հարեւանությամբ գտնվող որոշ երկրներ թաքցնում են հիվանդությունը», – ասել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը` առանց մանրամասնելու, թե սահմանակից որ երկրների մասին է խոսքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






