AM
23 Հունվար 2006 - 09:33 AMT

Սահակաշվիլին գազատարի պայթյունների համար մեղադրում է Ռուսաստանին

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը ռուսական գազից զրկած պայթյունները գազատարում շանտաժ է Ռուսաստանի կողմից: Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանի նախագահի արտահայտությունները անվանել է «հիստերիա եւ վակխանալիա»: Ռուսական իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ պայթյունները տեղի են ունեցել Ներքին Լարս ավանի շրջանում 20-րոպեանոց ընդմիջումներով: Ըստ Մոսկվայի տվյալների, գազամուղի երկու ճյուղերում պայթեցման համար օգտագործված պայթուցիկ սարքերի հզորությունը կազմում է 700-800 գրամ տրոտիլայիւն համարժեքով: Որպես հիմնական վարկած դիտարկվում է ծայրահեղական խմբավորումների դիվերսիոն գործունեության հետ կապված վարկածը: Սակայն Սահակաշվիլին Բի-բի-սի-ին տված հարցազրույցում ասել է, որ չի ընդունում Մոսկվայի հավաստիացումները պայթյուններին գրոհայինների մեղսակցության մասին:

Ընդ որում Սահակաշվիլին ենթադրել է, որ գազի առաքումը դադարեցվել է ստիպելու համար Թբիլիսիին Մոսկվայի վերհսկողությանը հանձնել իր գազատրանսպորտային համակարգը: «Մենք բազմիցս ենք սպառնալիքներ լսել ռուս պաշտոնյաների կողմից, որ կդադարեցվի գազի առաքումը, որ կարող է շարքից դուրս գալ էլեկտրահաղորդիչ գիծը եւ մենք կսառենք ձմեռային սաստիկ ցրտից»,-մեջբերում է նրա խոսքերը «Ռոյթեր» գործակալությունը: «Ես կարծում եմ, որ աշխարհը պետք է արթնանա եւ արձագանքի նման վարքագծին: Երեկ դա Ուկրաինան էր: Այսօր Վրաստանն է: Վաղը դա կարող է ցանկացած այլ վայր լինել, ուր գազ եւ էլեկտրականություն է առաքում Ռուսաստանը»,-ասել է Սահակաշվիլին: Նա նաեւ պահանջել է Ռուսաստանից որքան հնարավոր է արագ վերականգնել իր երկրի էներգամատակարարումը:
Ի պատասխան ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները վթարի հետեւանքները վերացնելու համար, եւ կոչ է արել չքաղաքականացնել տեղի ունեցածը: Ըստ «Գազպրոմի» ներկայացուցիչների, ընկերությունը ավելացնում է գազի առաքումները Ադրբեջանի ուղղությամբ` օրեկան 3 մլն խորանարդ մետրի չափով Վրաստանին փոխանցելու համար: Վրացական իշխանություններն ասում են, որ այժմ մատակարարում են սպառողներին միայն մայրուղային գազատարում մնացած մնացորդային գազի հաշվին, թեեւ խափանումները էներգահամակարգում արդեն սկսվել են: Ընկերության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են գազով Թբիլիսիի ապահովման համար, ասում են, որ եթե մոտակա ժամերին չգտնվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ապա Վրաստանի մայրաքաղաքը կմնա առանց վառելիքի: Մինչդեռ, ինչպես հայտարարել են Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները, քանդված գազատարերի վերականգնման համար կպահանջվի երկուսից չորս օր: Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավարը հայտարարել է, որ վնասված խողովակներից մեկը` 700 մմ տրամագծով ենթակա չէ վերականգնման, իսկ կվերանորոգվի միայն գազատարի հրմնական ճյուղը` 1200 մմ տրամագծով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վրա տեղի է ունեցել մի քանի պայթյուն, որի արդյունքում դադարեցվել է գազի առաքումը Ռուսաստանից դեպի Վրաստան եւ Հայաստան: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պայթյունները տեղի են ունեցել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» 1200 մմ տրամագծով գազատարի ճյուղերից մեկում` «Վերին Լարս» մաքսային սահմանային անցակետի մոտ: Այնուհետեւ պայթել եւ այրվել է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի 700 մմ տրամագիծ ունեցող ռեզերվային հատվածը: Հյուսիսային Օսեթիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ դա կորղ է դիվերսիա լինել:

Մինչդեռ, «ԱրմՌոսգազպրոմ» ընկերությունը կոչ է արել Հայաստանի բնկաչությանը անցնել բնական գազի օգտագործման խնայողական ռեժիմի եւ կիրառել ջերմության բոլոր այլ հնարավոր այլընտրանքային աղբյուրները: Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Շուշաննա Սարդարյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանից գազի առաքման դադարեցման պատճառով «ԱրմՌոսգազպրոմը» սկսել է գազ մատակարարել բնակչությանը նախկին ծավալներով Աբովյանի ստորերկրյա գազի պահեստարանից (ՍԳՊ): Մինչդեռ, ըստ Սարդարյանի, մոտ օրերս կարող է դադարեցվել գազի մատակարարումը տեղական գազալցակայաններին: «Եթե բնակչությունը խնայողաբար օգտագործի գազը, ապա դրա պաշարները կբավականացնեն մինչեւ գազատարի վերականգնումը, որով գազը Ռուսաստանից առաքվում է Վրաստան եւ Հայաստան»,-նշել են «ԱրմՌոսգազպրոմ» ընկերությունում: