AM
3 Հունիս 2013 - 10:13 AMT

Milone Trophy-ում 7 հայ ըմբիշներից 6-ին հաջողվել է մեդալներ նվաճել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վեց մեդալով է վերադարձել Milone Trophy մրցաշարից: 5 քաշային կարգերում ներկայացված էին 7 հայ ըմբիշներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասել է, որ գոհ է մարզիկների ելույթից:

«Թիմային հաշվարկով մեր հավաքականը գրավել է 3-րդ տեղը: Եթե մենք ներկայացուցիչներ ունենայինք բոլոր քաշային կարգերում, կկարողանայինք նաև առաջին տեղը նվաճել: Մեր տղաները լավ են հանդես եկել ու լավ մարզավիճակում են»,-ասել է Ջուլֆալակյանը:

Milone Trophy-ի հաղթող են դարձել Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ռոման Ամոյանը (60 կգ) և Տիգրան Թորոսյանը (66 կգ)՝ բրոնզե:

«Ամոյանը հանդես եկավ մինչև 60կգ քաշային կարգում, սակայն նա կրկին կվերադառնա իր կարգ՝ 55 կգ: Նա դեռ անհրաժեշտ մարզավիճակում չէ և պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար»,-հավելել է հավաքականի մարզիչը:

Հունահռոմեական ոճի 17 ըմբիշներ հունիսի 13-16 հանդես կգան Մարիուպոլի միջազգային մրցաշարում, իսկ հետո հավաք կանցկացնեն Ալուշտայում: