Եթե բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ անարդյունք լինեն, Ադրբեջանը «կանի ամեն ինչ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ավարտելով բանակցությունները Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ: «Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր միջոցները իր տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերականգնելու համար: Այժմ բանակցություննր են գնում: Եթե դրանք անարդյունք լինեն, Ադրբեջանը կանի ամեն ինչ իր տարածքները վերադարձնելու համար»,-ասել է Աբիեւը: Սաֆար Աբիեւը բանակցությունների ավարտին հայտարարել է. «Մենք քննարկեցինք իրավիճակը Կովկասում եւ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցը: Մենք մտահոգություն հայտնեցինք Վրաստանից Հայաստան ռուսական ռազմատեխնիկան տեղափոխելու վերաբերյալ»: Աբիեւը նշեց նաեւ, որ բանակցություններում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: «Մենք կարեւորոմ ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այն բարձր մակարդակի է հասել բոլոր ոլորտներում»,-ասել է նախարարը: Նա «արդյունավետ» է անվանել այսօրվա բանակցությունները, հաղորդում է Իտար-Տասսը:






