AM
5 Հունիս 2013 - 08:24 AMT

Ռաֆայել Նազարյան. Մեր թիմը պատրաստ է Իսլանդիայի դեմ խաղին

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ և ասաց, որ թիմը լավ է պատրաստվել: «Միակ թերությունն այն էր, որ ընկերական խաղ չկարողացանք անցկացնել: Սակայն սա լուրջ պատճառ չի կարող հանդիսանալ, և տղաները պատրաստ են հանդիպմանը»,- ասաց մարզիչը:

Ըստ նրա, հավաքականի հիմնական նպատակը ազգային ընտրանու համար լավ կադրեր պատրաստելն է, սակայն կարևոր է նաև լավ մասնակցությունը: «Մենք ամեն հանդիպումից առաջ պատրաստվում ենք հենց այդ խաղին: Վաղը հանդիպելու ենք Իսլանդիային և ձգտելու ենք հաղթել: Իսլանդիայի խաղը Բելառուսի հետ ես նայել եմ, նրանք լավ տպավորություն թողեցին, ֆիզիկապես ուժեղ են, տակտիկապես լավ են պատրաստված»,- հավելեց նա:

Նազարյանի կարծիքով ԵԱ 10-րդ խմբի ֆավորիտը Ֆրանսիայի ընտրանին է, որն ունի ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն, և նրանք հանդես են գալիս բարձրակարգ ակումբներում: Իսկ մյուս թիմերի հնարավորությունները, ըստ նրա, հավասար են:

«Ապագայում մենք ավելի շատ կփորձենք ընկերական հանդիպումներ անել, որպեսզի խաղացողներին գործի մեջ ավելի շատ տեսնենք: Ընկերական խաղերի համար մրցակիցներ գտնելը դժվար է: Բայց ես վստահ կարող եմ ասել, որ այսօրվա մեր երիտասարդական թիմը լավն է»,- ավելացրեց Նազարյանը:

2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական Հայաստան- Իսլանդիա խաղը կկայանա հունիսի 6-ին «Հրազդան» մարզադաշտում: