AM
25 Հունվար 2006 - 11:42 AMT

Վրաստանում ժխտում են Ադրբեջանից դեպի Հայաստան գազի առաքման մասին հայտարարությունները

Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին եւ Գազի միջազգային կորպորացիայի նախագահ Դավիթ Ինգորոկվան հերքում են այն տեղեկությունները, թե Հայաստանը բնական գազ է ստանում Ադրբեջանից: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկա Գիլաուրին, Հայաստանը չի ստացել Ադրբեջանից եկող գազը, քանի որ գազի ծավալաները չափազանց փոքր են դրա համար: Տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանից ստացվող գազը առաքվում է նաեւ Հայաստան, եւ ներկրման ծավալը կրճատվել է այդ պատճառով, ի հայտ եկան ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունից հետո, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա: «Անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել պայթյունների պատճառը, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարեւանները միացրեցին ջանքերը եւ օգնության հասան հարեւաններին ճգնաժամի պահին: Դուք գիտեք, որ մենք այստեղ դեր ունեինք եւ հպարտ ենք դրանով», – նշել էր Շոն Մակքորմաքը: