Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիգիտ Ալպողանը հայտարարել է, որ «քանի դեռ Հայաստանը չի պատասխանել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկին, անհրաժեշտություն չկա հանդես գալ նոր առաջարկներով»: Յիգիտ Ալպողանն ասել է այդ մասին, մեկնաբանելով Անկարայի վերաբերմունքը Կարս-Գյումրի երկաթգիծը սեփական բեռնափոխադրումների համար չօգտագործելու եւ որոշ ժամանակ իր տարածքով թուրքական եւ վրացական ապրանքների փոխադրման համար գումար չգանձելու Երեւանի առաջարկին: «Մեք չենք կարող զբաղվել դրանով, մինչեւ չստանանք 11 ամիս առաջ արված մեր առաջարկի պատասխանը պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին», – ասել է Յիգիտ Ալպողանը:
Հշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլի 26-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակին` առաջարկելով ստեղծել երկկողմ միջկառավարական հանձնաժողով` առկա բոլոր խնդիրների քննարկման եւ լուծման համար: Յիգիտ Ալպողանը «սխալ» է անվանել պատկերացումն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան հարաբերություններ` մատնանշելով Երեւանի եւ Ստամբուլի միջեւ ուղիղ չվերթների եւ Թուրքիայում աշխատող «հազարավոր» հայերի առկայությունը: Նա նշել է նաեւ, որ «մենք ուշադիր հետեւում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքին»: Յիգիտ Ալպողանը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի առաջընթաց գրանցել եւ լուծում գտնել` նշելով, որ բանակցությունների ներկայիս փուլը Թուրքիային չի մտահոգում: Նա նաեւ հայտարարել է, որ «Թուրքիան մտադիր է Հարավային Կովկասի հանդեպ իր մոտեցումները ներդաշնակեցնել ԱՄՆ-ի մոտեցումների հետ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:






