AM
26 Հունվար 2006 - 09:27 AMT

Է.Մամեդյարով. Լոնդոնում համաձայնություն է ձեռք բերվել որոշ սկզբունքային հարցերի շուրջ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-11 Փարիզում, եւ պաշտոնական Բաքուն արդեն տվել է այդ հանդիպմանը մասնակցելու իր համաձայնությունը: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Պաշտոնական հրավերը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից արդեն ստացվել է եւ դրական պատասխանը ուղարկվել է»,-նշել է ադրբեջանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կողմերը քննարկում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները»: «Դժվար է ասել` որքանո՞վ է իրական «ճեղքում» ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումից»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա «դժվարին է» անվանել վերջին բանակցությունները Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, սակայն արդյունքում «մեզ հաջողվել է համաձայնության գալ որոշ սկզբունքային հարցերի շուրջ»: «Բանակցությունները շարունակվում են Պրահայի գործընթացի շրջանակներում: Այս պահի դրությամբ մենք քննարկում ենք համաձայնագրի 8-10 բաղադրիչներ»,-նշել է Է.Մամեդյարովը` հաստատելով այն հաղորդագրությունը, որ առաջարկներ կան այն մասին, որ հակամարտության գոտում ապագայում տեղակայվելիք խաղաղապահների կազմում չլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներ: Միեւնույն ժամանակ Էլմար Մամեդյարովը նշել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղապահների տեղակայման մասին, քանզի «նրանց մանդատի հարցը դեռ չի քննարկվել»:«Սակայն բանակցային գործընթացը դեռ չի գտնվում այն փուլում, երբ կարելի է քննարկել այդ հարցը»,-ասել է Է.Մամեդյարովը, նկատելով, որ խաղաղապահների տեղակայման գործընթացին պետք է նախորդեն «տարածաշրջանի ռեաբիլիտացիային» ուղղված միջոցները, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: