AM
26 Հունվար 2006 - 10:42 AMT

Բաքուն ջանք չի խնայում Հայաստանին Եվրոպայի Խորհրդից հեռացնելու համար

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին է ներկայցրել հետեւյալ փաստաթուղթը` «ԵԽԽՎ-ին Հայաստանի, որպես ագրեսոր-երկրի անդամակցության անթույլատրելիության մասին, որի գործողությունները հակասում են Եվրոպայի Խորհրդի հիմնարար սկզբունքներին եւ հիմնական չափանիշներին»: Փաստաթուղթը կքննարկվի ԵԽՆԿ-ում, ըստ արարողակարգի քննարկմանը մասնակցում են ԵԽ անդամ բոլոր 46 երկրների դեսպանները: Քննարկումից հետո փաստաթուղթը կհրապարակվի ԵԽՆԿ-ի պատասխանի հետ միասին, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Նման քայլը մեկ նպատակ ունի` հասնել նրան, որ Հայաստանը հեռացվի Եվրոպայի Խորհրդի կազմից: Ընդ որում, նշենք, որ այս փաստաթուղթը ներկայացվել է տառացիորեն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության մանդատի հաստատման հաջորդ օրը: Մանդատի հաստատման արդյունքում ադրբեջանական պատվիրակությունը մնաց ԵԽԽՎ լիազոր անդամ: Այդպիսով, Բաքուն փորձում է խնդիրները ԵԽԽՎ-ում «հիվանդ գլխից առողջի վրա գցել»: