AM
26 Հունվար 2006 - 12:32 AMT

Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի է միայն անկախության կարգավիճակը

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անընդունելի է անկախությունից ցածր ցանկացած կարգավիճակ»,-հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը բելգիացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոնք ուղեկցում են ԵԱՀԿ Գործող նախագահ, Բելգիայի ԱԳՆ ղեկավար Կարել դե Գուխտին նրա հայաստանյան այցի ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Երեւանում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում, հաղորդում է ԼՂՀ ներկայացուցչության մամլո ծառայությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անկախության ուղին ԼՂՀ ժողովուրդն ընտրել է 1991թ.դեկտեմբերին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Պատասխանելով լրագրողների հարցերին` Գերոգի Պետրոսյանը մատնանշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը, քանի որ կան մի շարք հարցեր, որոնց լուծումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը: