Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում, որը տեղի ունեցավ Մինսկում, Հայաստանի հավաքականի կազմում միայն Արամ Ավագյանին (56 կգ) հաջողվեց մեդալ նվաճել: Բռնցքամարտիկն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և դարձավ բրոնզե մեդալակիր:
Առաջնությունում Ավագյանը 3 մենամարտ անցկացրեց և երկուսում հաղթեց:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտիկն ասաց, որ բոլոր նրա մրցակիցները ուժեղ էին: «Առաջին մենամարտում ես վստահ հաղթանակ տարա անգլիացի Համալ Յաֆալի հանդեպ: Հետո դիմակայեցի ադրբեջանցի Սամիր Մամմադովին: Այդ մենամարտում ես մեդալների մասին չէի մտածում, ես չէի ների, եթե զիջեի նրան: Իմ մեջ խոսում էր հայրենասիրական ոգին»,-ասաց բռնցքամարտիկը:
Ըստ նրա, կիսաեզրափակչում ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ մենամարտում մրցավարը անարդար էր, և նրան զրկել են ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ավագյանը նշեց, որ չնայած նրա հետ անարդար են վարվել, նա գոհ է իր ելույթից: «Ես ուրախ եմ, որ կարողացա արդարացնել մարզիչների հույսերը, և մեր հավաքականը մեկ մեդալ նվաճեց: Ես մի քիչ վշտացած էի տղաների համար, որ նրանք դուրս մնացին պայքարից, սակայն համառորեն շարժվում էի դեպի իմ նպատակը»,-հավելել է նա:






