Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակներն իրենց նիստի ընթացքում ընդունել են փաստաթուղթ, որն առնչվում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը` ի պատասխան հայկական կողմից մեկ տարի առաջ տրված գրավոր հարցման: Համաձայն ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության, փաստաթղթում նշվում է, որ եվրոպական պատվիրակները չկարողացան հարցի ընդհանուր դիրքորոշման հանգել: Այնուամենայնիվ, նրանք կոչ են արել բոլոր շահագրգիռ կողմերին` ձգտել տարածաշրջանում իրավիճակի այնպիսի զարգացման, որպեսզի բոլոր երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների սահմանվեն: Ինչպես նշել է նիստին ԵԽ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին հիշատակումն արդեն առաջ է բերել թուրքական պատվիրակության ընդդիմությունը, ինչը խանգարել է վերոհիշյալ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշման մշակմանը: Դեսպանը նշել է նաեւ, որ Թուրքիան շարունակում է ենթարկել Հայաստանին տնտեսական շրջափակման, մասնավորապես, խոչընդոտելով ցամաքային տրանսպորտային հաղորդակցության ուղիների օգտագործմանը: Անկարայի նման քաղաքականությունը եւ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, նրա խոսքերով, հակասում են Եվրախորհրդի հիմքում ընկած սկզբունքներին: Դրանք խոչընդոտում են մարդկանց եւ ապրանքների ազատ շրջանառությանը, եւ ի վերջո բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա, ընդգծել է Ք. Տեր-Ստեփանյանը: