AM
1 Փետրվար 2006 - 09:04 AMT

Թեհրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը որքան հնարավոր է շուտ ավարտելու հարցում

Նախօրեին Թեհրանում սկսվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի (ԱՏՀՄՀ) վեցերորդ նիստը: Այդ նիստի արդյունքների հիման վրա կստորագրվի հուշագիր երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ: ԱՏՀՄՀ վեցերորդ նիստն անցնում է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարի եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի նախագահությամբ: Ելույթ ունենալով նիստի բացմանը, Դանեշ-Ջաֆարին նշել է, որ Իրանը շահագրգռված է զարգացնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ եւ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կատարել նախկինում ստորագրված բոլոր պայմանագրերը տարբեր ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ: Նրա խոսքերով, Իրանը շահագրգռված է Իրան-Հայաստանի գազամուղի շինարարությունն արագ ավարտին հասցնելու եւ հատուկ սարքավորումները մոնտաժելու հարցում, եւ հուսով է, որ մինչեւ 2007 թ.հունվարը խողովակաշարը կհանձնվի շահագործման:

Դանեշ-Ջաֆարին նշել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի շահագրգռվածությունը Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ ճյուղի, գազով աշխատող ՋԷԿ-ի, ԷՀԳ եւ էլեկտրական ենթակայանի, որով էլեկտրաէներգիա կառաքվի Հայաստանից Իրան, կառուցման նախագծերի շուտափույթ իրականացման, ինչպես նաեւ Նուրդուզում սահմանային տրանսպորտային տերմինալի շինարարության հարցերում: Այդ նախագծերը կիրականացվեն իրանական եւ հայկական ընկերությունների համատեղ ջանքերով: Ըստ ԱՏՀՄՀ-ի իրանական ներկայացուցչի, տրանսպորտը եւ տարանցումը Իրանի եւ ՀՀ-ի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության գերակա ուղղություններն են: Թեհրանը շահագրգռված է, որ Հայաստանը միանա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագրին եւ կաջակցի Երեւանին այդ հարցում:

Դանեշ-Ջաֆարին նշել է, որ Իրանն ու Հայաստանը արդեն իսկ ստորագրել են մեծ քանակությամբ համաձայնագրեր, որոնք դարձել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հիմքը: Առավել կարեւոր փաստաթղթերի թվում նա նշել է փոխադարձ ներդրումների աջակցության եւ խրախուսման, երկակի հարկադրումից ազատվելու, մաքսային եւ առեւտրական համագործակցության, միջազգային ավտոմոբիլային եւ օդային փոխադրումների մասին համաձայնագրերը: Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարը նշել է նաեւ ծագած խնդիրները մի քանի իրանական բանկերի ու ընկերությունների եւ իրենց հայ գործընկերների միջեւ եւ դիմել է նիստին ներկա մասնագետներին այդ խնդիրների լուծմանը աջակցելու խնդրանքով:

Իր հերթին Արտաշես Թումանյանը նշել է երկկողմ համագործակցության հաջողությունները գազային, էներգետիկ, տրանսպորտային եւ իրավական ոլորտներում: Նրա խոսքերով, իրանական ընկերությունները արագ տեմպերով կառուցում են կապի գծեր եւ կոմունիկացիաներ Հայաստանի տարածքում: Նա առաջարկել է երկու երկրների մաքսային մարմիններին պարզեցնել ձեւականությունները, ինչը կնպաստի բեռնափոխադրումների ակտիվացմանն Իրանի եւ Հայաստանի միջեւ: ԱՏՀՄՀ հայ համանախագահը շնորհակալություն է հայտնել Իրանին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու հարցում Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքերով, այդ հարցի լուծումը դրական կանդրադառնա տարանցման եւ տրանսպորտի ոլորտներում տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության հարցերի վրա, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: