Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը զարմացել է, թե ինչու է երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայից կրած պարտությունիցհետո (1:2) ասել, թե գոհ է թիմի խաղից:
«Պարտված թիմը չի կարող լավ հանդես եկած լինի: Մենք մարզչի խնդիր չունենք, Նազարյանը լավ մասնագետ է ու իր գործը ճիշտ է անում: Ուղղակի նա ճիշտ չի չփվել լրագրողների հետ և այդպիսի պատասխան է տվել»,- ասաց Հայրապետյանը: Ըստ նրա, երիտասարդական հավաքականի առջև խնդիր է դրված հաղթել յուրաքանչյուր խաղում:
«Ուրախալի է, որ երիտասարդական թիմից տղաներ են գալիս ազգային հավաքական և լավ են դրսևորում իրենց: Դանիայի հետ խաղում Վարազդատ Հարոյանը շատ լավ հանդես եկավ: Նա ընդամենը մեկ սխալ թույլ տվեց, ես շատ եմ ցանկանում, որ նա շարունակի նույն ձևով: Այդպիսով կլուծվի մեր պաշտպանությունում առկա խնդիրներից մեկը»,- նշեց նա:
Հայրապետյանն ընդգծեց նաև, թե այն տեղեկությունները, իբր ազգային հավաքականում կան խնդիրներ, չեն համապատասխանում իրականությանը:






